BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Փաշինյանին կարող են Լեռնային Ղարաբաղի բանակցություններից հետ մղել

Փաշինյանին կարող են Լեռնային Ղարաբաղի բանակցություններից հետ մղել
19.05.2018 | 10:54

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում բանակցություններ է վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը տեղեկացրել է, որ նախարարը Փարիզում համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը քննարկել է, իհարկե, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության լույսի ներքո: Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին այցը Լեռնային Ղարաբաղ կատարեց, որտեղ հայտարարեց, որ բանակցային գործընթացում Երևանի հետ պետք է մասնակցի և Ստեփանակերտը:Ադրբեջանում դա գնահատեցին «հայկական կողմի դիրքերի կոշտացում բանակցային գործընթացներում և միակողմանիորեն Արցախ Հանրապետության անկախությունը ճանաչելու ձգտում»: Բայց Փաշինյանը բոլոր դեպքերում այս փուլում հարցն այդպես չի դնում: Նա պարզապես հիշեցրեց, որ պետք է վերադառնալ նախկին բանաձևին և Ստեփանակերտը կոնֆլիկտի կողմ համարել: «Կոնֆլիկտի կողմ, բայց ոչ պետություն» ձևաչափում դրված հարցը ժամանակավոր, տեխնիկական բնույթ ունի: Առավելևս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները քանիցս հայտարարել են, որ «որոշակի փուլում» Ստեփանակերտի միացումը բանակցություններին անխուսափելի է: Իսկ եթե ավելի խորանանք, ինչպես օրերս հիշեցրեց ՌԴ միջնորդական առաքելության 1992-1996-ի ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Լեռնային Ղարաբաղում Վլադիմիր Կազիմիրովը. «Ղարաբաղյան կոնֆլիկտը սկսվել է իբրև Ղարաբաղի ու Ադրբեջանի կոնֆլիկտ, և հենց ԼՂՀ իշխանությունների ընտրված ներկայացուցիչները պետք է պայմանավորվեն Բաքվի հետ խնդրի բովանդակային հարցերում» և «սկզբում հենց այդպես էր, հետո Հայաստանը ոտքի կանգնեց ի պաշտպանություն Ղարաբաղի»:

Եվ հետո` «Լեռնային Ղարաբաղի դուրս դուրս մղումը բանակցություններից կարծես տարերային էր, Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիևի հանդիպումների շարքում, բայց համապատասխանում էր Բաքվի ծրագրերին: ԵԱՀԿ-ի անօգնականությունը տեսանելի է և այնտեղ, որ 21-րդ դարասկզբին հանուն բանակցային գործընթացը պահպանելու, զիջեցին Բաքվի պնդումներին և անտեսելով եռակողմ կոնֆլիկտի առանձնահատկությունը, սողացին երկկողմ կոնֆիգուրացիայի բանալ հուն»: Բանակցությունները մտան փակուղի: Հիմա Բաքուն, ծագած բանավեճը կառուցողական ստեղծագործական հուն տանելու փոխարեն հայտարարում է, որ Երևանն իբր «ինչ-որ նոր անիրական տարրերի ներմուծման ճանապարհով կարող է կործանել ամբողջ բանակցային գործընթացը»: Բայց փաստացի գործընթացն առանց այդ էլ կործանված է, թեպետ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարում է, որ «Բաքուն հակված է սուբստանտիվ բանակցությունների` ուղղված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի արագ կարգավորմանը»: Նա նաև պատրաստակամություն է հայտնել «որքան հնարավոր է շուտ սկսել ակտիվ բանակցությունները»: Նշանակու՞մ է դա վերադարձ նախկին բանակցային օրակարգին կամ Բաքուն պատրաստվում է անցնել ավելի կոնֆլիկտային իրավիճակի: Բոլորովին պարզ չէ, որովհետև միաժամանակ հնչում են և Ադրբեջանի ՊՆ նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հայտարարությունները կոնֆլիկտը ուժային միջոցներով լուծելու պատրաստակամության մասին: Պարզաբանումներ կլինեն, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն ու բանակցություններ կվարեն Հայաստանի նոր ղեկավարության հետ հունիսին:

Սկզբնական կանխատեսումները, որ Փաշինյանի ու Հայաստանի նախկին ղեկավարության տեսակետների տարբերությունը ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կարող է ձախողել բանակցությունները, առայժմ չեն իրականանում: Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Երևանը նախ` «հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում` համանախագահ երկրների առաջարկների հիմքով»: Երկրորդ` «դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները 2016-ին Ադրբեջանի ձեռնարկած ապրիլյան ագրեսիայից հետո»: Բարձր մակարդակի հանդիպումներում այն ժամանակ պայմանավորվածություններ եղան նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի խմբի իրավասությունների ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին:

Այսինքն` Երևանը շարունակում է բանակցային նախկին օրակարգը և Հայաստանի ԱԳ նոր նախարար Զոհրաբ Մնացականյանը սկզբունքորեն պատրաստ է մոտ ժամանակներս հանդիպել և բանակցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Ինտրիգը` ո՞վ է ներկարացնելու Երևանը բարձր մակարդակի բանակցություններում: Կամ վարչապետ Փաշինյանը, որ արդեն իր դիրքորոշումը նշել է այդ ուղղությամբ, կամ, որ նույնպես հնարավոր է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ում կարող են փոխանցվել համապատասխան լիազորություններ: Դա չի բացառում, որ կարող է բարձրացվել բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության հարցը, հրապարակայնորեն հարցը քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցություններում և նախապատրաստվեն համապատասխան պայմաններ: Բոլոր դեպքերում` ինչ էլ լինի, Երևանը ձգտում է խուսափել բանակցությունների ձախողման մեղադրանքներից, որոնց ընթացքում կարող է հրապարակավ առաջարկել ինչ-որ նոր փոխզիջումային տարբերակներ, որպեսզի աստիճանաբար գործընթացի մեջ մտցնի Ստեփանակերտին: Առավելևս, որ հեղափոխությունից հետո Հայաստանի բարձրացած միջազգային վարկանիշի պայմաններում կարող է դիվանագիտական նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել և ամրապնդել դիրքերը: Հիմա մնում է սպասել, թե որքան ընկալունակ կլինի նոր գաղափարներին Մինսկի խումբը և ինչպես Բաքուն կարձագանքի, հատկապես հրադադարի ու շփման գծում վերահսկողության հարցերում, առաջարկների կազմման հերթականության և կատարման հերթականության մեջ: Հիմա ամեն ինչ հենց այդ հարթության վրա է: Իսկ Փաշինյանը կարող է խաղի մեջ մտնել ավելի ուշ և այլ հանգամանքներում:

Ստանիսլավ Տարասով, REGNUM

Հ.Գ. Իսկ ինչու՞ պիտի բանակցությունների լիազորությունը փոխանցվի նախագահ Արմեն Սարգսյանին: Որովհետև հայտնի չէ՞ Նիկոլ Փաշինյանը որքան կպաշտոնավարի և ե՞րբ հրաժարական կտա արտահերթ ընտրությունների համար: Այդ պարագայում շատ ավելի ճիշտ է բանակցությունները հետաձգել, որովհետև ստացվելու է բանակցություն հանուն բանակցության: Իվերջո` Հայաստանի ցանկացած իշխանության պարագայում Ադրբեջանը առաջադրում է նույն սկզբունքը` սուբստանտիվ բանակցություն, որ խոշոր հաշվով նշանակում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունում` «օկուպացված» շրջանների հանձնում և հետո միայն քննարկում: Հայաստանը, օգտվելով ստեղծված նոր հնարավորություններից, պետք է առաջադրի նոր պայմաններ` իր «սուբստանտիվը»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ